«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

«Արտահերթ ընտրությունների պահանջը միշտ էլ եղել է օրակարգային հարց»

«Արտահերթ ընտրությունների պահանջը  միշտ էլ եղել է օրակարգային հարց»
08.07.2008 | 00:00

«Իրավունք de facto»-ի հարցերին պատասխանում է ՀԺԿ վարչության անդամ և մամուլի պատասխանատու ՌՈՒԶԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ։
-Համաժողովրդական շարժումը գնում է Ազգային կոնգրես դառնալու ճանապարհով, փաստորեն, կրկնելով Հայոց համազգային շարժման անցած ուղին, որի պառակտման գործընթացն սկսվեց այն բանից հետո, երբ ՀՀՇ-ն դարձավ կուսակցություն։ ՀԺԿ-ն ինչպե՞ս է վերաբերվում Ազգային կոնգրես ձևավորելու գաղափարին։
-Ազգային կոնգրես ձևավորելու մասին առաջին անգամ խոսվեց Համաժողովրդական շարժման ապրիլի 2-ի հավաքում, որից հետո այդ գաղափարի շուրջ քննարկումներ սկսվեցին Շարժման մաս կազմող կուսակցությունների ներսում։ Այս պահին մեր կարծիքը հետևյալն է. փաստորեն, Ազգային կոնգրեսը տարբեր քաղաքական ուժեր միավորող մեկ կուսակցություն չէ, ինչպես հասկանում են ոմանք։ Դա նույն Համաժողովրդական շարժումն է, որը պարզապես Կոնգրես անվանումն է ստանալու։ Արդյո՞ք ձևի այս փոփոխությունը կարող է հանգեցնել նաև բովանդակային փոփոխության։ Հազիվ թե, որովհետև 20-ից ավելի կուսակցություններ համախմբվել են Համաժողովրդական շարժման մեջ՝ նպատակ ունենալով Հայաստանում վերահաստատել օրինականությունը պետական կառավարման բոլոր օղակներում, և կարևոր չէ, թե այդ համախմբումն ինչ կոնկրետ անվանում կունենա։ Թեպետ, եթե իմ մասնավոր կարծիքն եք ուզում իմանալ, ինձ համար ավելի ընդունելի է Համաժողովրդական շարժում անվանումը, շարժում, որն արդեն ընդունելի ու ընկալելի է դարձել հասարակության կողմից։ Ինչ վերաբերում է Շարժման հենքի վրա մեկ կուսակցություն ձևավորելու գաղափարին, ինչի առնչությամբ ակնարկ եղավ նաև նույն ապրիլի 2-ի հավաքում, ՀԺԿ-ն արդեն առիթ ունեցել է խնդրի առնչությամբ իր տեսակետը հնչեցնելու։ Մենք նպատակահարմար չենք գտնում գաղափարական այսպիսի բազմազան պլատֆորմներ ունեցող կուսակցությունների միավորումը մեկ քաղաքական ուժի մեջ, որովհետև դաշտը ներկայացված է շատ լայն ամպլիտուդով։ Ընդունելի ենք համարում մի քանի կուսակցությունների միավորումը, որոնք գաղափարական, մարտավարական լուրջ ընդհանրություններ ունեն։ Սա ոչ միայն ընդունելի է մեզ համար, այլև ողջունելի, քանի որ, խոշոր հաշվով, քաղաքական դաշտի առողջացմանը կարող է նպաստել։ Այդուհանդերձ, ՀԺԿ-ն չի տեսնում իրեն նման միավորման մեջ։ Կուսակցությունն ունի իր գաղափարախոսությունը, իր ծրագիրը, իր կայուն տեղը քաղաքական դաշտում, որ ձեռք է բերվել տարիների ընթացքում՝ բոլոր համապետական ընտրություններին ամենաակտիվ մասնակցությամբ և արձանագրած բարձր արդյունքներով, այդ թվում՝ նախագահական երկու ընտրություններում դե ֆակտո հաղթանակով։ Կարծում ենք՝ ՀԺԿ-ն պետք է շարունակի իր հետագա գործունեությունը քաղաքական դաշտում՝ տարբեր խնդիրների շուրջ համագործակցելով այլ քաղաքական ուժերի հետ։
-Շրջանառության մեջ է արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեման։ Եթե բանն իրոք հասնի դրան, ինչը ոմանք դասում են քաղաքական ռոմանտիկայի ժանրին, ՀԺԿ-ն սեփակա՞ն թեկնածուով է հանդես գալու ընտրություններում, թե՞ պաշտպանելու է Համաժողովրդական շարժման լիդերի թեկնածությունը։
-Այսօր վաղ է խոսել այդ մասին։ Նախ, մենք համոզված ենք, որ արտահերթ ընտրություններն օրվա հրամայականն են, քանզի ներքաղաքական, ներհասարակական այս ճգնաժամը միայն այդ ճանապարհով հնարավոր կլինի հաղթահարել։ Կարծում եմ՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունները մեխանիկորեն տանելու են արտահերթ նախագահական ընտրությունների և՝ հակառակը։ Խնդիրը ժամանակի և առաջնահերթության մեջ է ընդամենը։ Իսկ մասնակցության ձևաչափի մասին այսօր դեռ վաղ է խոսել, որովհետև գործընթացները շատ դինամիկ զարգանում են, և երբ բանը հասնի ընտրություններին, այն ժամանակ էլ որոշում կկայացնենք։ Կարևորն այն է, որ տեղի ունենան արդար, թափանցիկ ընտրություններ, որոնց միջոցով ժողովրդի կամքն իրապես արտահայտված կլինի։
-Վերջին շրջանում պարբերաբար մեսիջներ են հղվում Սերժ Սարգսյանին, որ եթե վերջինս, կոպիտ ասած, «հանձնի» Ռոբերտ Քոչարյանին և տարանջատվի նրա շահերն սպասարկող կլանից, ընդդիմության կողմից կարող է ընդունվել որպես լեգիտիմ նախագահ։ Ձեր կարծիքով՝ հանրապետության երրորդ նախագահը կգնա՞ այդ քայլին՝ իշխանությունը փաստացիորեն կիսելով առաջին նախագահի հետ։
-Ճիշտն ասած, համամիտ չեմ հարցադրմանը։ Այն առումով համամիտ չեմ, որ նման մեսիջներ պարզապես չեն ուղարկվել, իսկ եթե Տեր-Պետրոսյանն ու Համաժողովրդական շարժման մյուս ներկայացուցիչները շատ ավելի խիստ հարցադրումներ են ուղղում Ռոբերտ Քոչարյանին, ապա զուտ այն պատճառով, որ այս ամբողջ ընթացքում, ներառյալ մինչև ապրիլի 9-ը, երկրում կատարված բոլոր իրադարձությունների հիմնական պատասխանատուն հենց նա էր։ Ավելի խիստ մեղադրանքներ են հնչում մարտիմեկյան ողբերգության հետ կապված, որովհետև Քոչարյանն էր գերագույն գլխավոր հրամանատարը, և, ըստ Սահմանադրության, միայն ինքը կարող էր խաղաղ ցուցարարների դեմ զենք կիրառելու հրահանգ տալ, այն էլ՝ մարտական փամփուշտներով, ինչն անթույլատրելի է։ Այսինքն, պատասխանատվության հիմնական կրողը Ռոբերտ Քոչարյանն է, ինչը չի նշանակում, թե մյուս բարձրաստիճան պաշտոնյաները, լինի վարչապետ, թե ոստիկանապետ, զերծ են պատասխանատվությունից, բայց, ինչպես ասում են, յուրաքանչյուրն իր իրավասության շրջանակներում։ Միայն բաց և արդարացի հետաքննությունն է, որ կարող է բոլորիս հուզող հարցերի պատասխանները տալ։ Ինչ վերաբերում է մարտիմեկյան ողբերգության հողի վրա Սերժ Սարգսյանի հետ գործարքի մեջ մտնելու մեսիջներին, համոզված եմ՝ նման բան չկա և չէր էլ կարող լինել։
-Լևոն Տեր-Պետրոսյանը հուլիսի 4-ի հանրահավաքում Սերժ Սարգսյանին, փաստորեն, վերջնաժամկետ տվեց մինչև օգոստոսի սկիզբ ընդդիմության պահանջները բավարարելու իմաստով, հասկացնելով, թե հակառակ դեպքում նրան շատ ավելի կոշտ պահանջներ կառաջադրվեն, ընդհուպ մինչև հրաժարականի պահանջը։ Կարո՞ղ ենք ենթադրել, որ մինչ այժմ ընդդիմության ներսում Սերժ Սարգսյանի նկատմամբ այդ կոշտ պահանջները դեռևս հստակեցված չէին։
-Իհարկե, ոչ։ Պարզապես, վերջին հանրահավաքում նախկին հարցադրումները մի փոքր այլ ձևակերպմամբ հնչեցին, որովհետև արտահերթ ընտրությունների պահանջը միշտ էլ եղել է օրակարգային հարց, ուղղակի այս փուլում առաջնայինը քաղբանտարկյալների ազատ արձակման խնդիրն էր, որից հետո միայն երկխոսություն կարող է կայանալ իշխանության և ընդդիմության միջև։ Իսկ թե ինչ օրակարգով տեղի կունենա երկխոսությունը (եթե ընդհանրապես տեղի ունենա), դա արդեն քննարկման հարց է, և արտահերթ ընտրությունների թեման էլ այդ հարցերից ընդամենը մեկն է։

Զրուցեց Լիլի ՄԱՐՏՈՅԱՆԸ

Դիտվել է՝ 6510

Մեկնաբանություններ